Ժողովածուներ

Ժողովածուներ

N:1

2018

48 views

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐՊԻ-ՀԱՊՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2017թ.-ի հոկտեմբերի 17-ին կայացավ ԵՐՊԻ – ՀԱՊՀ էներգետիկայի ֆակուլտետի հիմնադրման 45-ամյակին նվիրված «Էներգետիկայի կայուն զարգացում և միջուկային էներգետիկա» խորագրով գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, Միջուկային էներգետիկների համահայկական ասոցիացիան, “Հայկական ԱԷԿ”, “Հայատոմ” և “Էներգետիկայի ԳՀԻ” ՓԲԸ-ները։ Միջազգային գիտաժողովի նպատակն էր մասնագիտական հանրությանն իրազեկել էներգետիկայի արդի մարտահրավերների և հիմնախնդիրների մասին, ինչպես նաև նպաստել տարբեր երկրների գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը, մասնագիտական կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը: ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ողջունելով գիտաժողովի հյուրերին և գործընկերներին, գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ և բովանդակալից աշխատանքային օր, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իրենց ապագա նախաձեռնություններում: Այնուհետև հակիրճ ներկայացրեց ֆակուլտետի ստեղծման պատմությունը։ Էներգետիկայի ֆակուլտետը ստեղծվել է՝ համաձայն ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության կոլեգիայի 1972 թ. հունվարի 7- ի որոշման: Ֆակուլտետի կազմում ընդգրկված են եղել՝ “Էլեկտրական կայաններ, էլեկտրական ցանցեր, համակարգեր և բարձր լարման տեխնիկա”, “Արդյունաբերական ձեռնարկությունների, քաղաքների և գյուղատնտեսության էլեկտրամատակարարում”, “Ջերմաուժային սարքավորումներ և արդյունաբերական էներգետիկա”, “Արդյունաբերական ձեռնարկությունների էկոնոմիկայի կազմակերպում, պլանավորում և էներգետիկա” և “Ջերմատեխնիկա և ջերմային ավտոմատիկա” ամբիոնները: Տարբեր տարիներին ֆակուլտետի դեկաններն են եղել Լ.Տ. Ղուլոյանը, Մ.Բ. Բուբուշյանը, Գ.Ա. Հայրապետյանը, Լ.Ս. Հովհաննիսյանը, Հ.Ա. Բուռնաչյանը, Ո.Զ. Մարուխյանը, Հ.Ա. Հովսեփյանը և Ա.Վ. Ռաֆայելյանը: Երկու տարի առաջ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետների միավորմամբ ստեղծվեց և հաջողությամբ գործում է Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, որի առաջին արդյունքները վկայում են այն մասին, որ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն անում է ամեն ինչ բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում` պահպանելով պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները։ Գիտաժողովին մասնակցում էին ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչներ, հրավիրված էին նաև հյուրեր ԱՊՀ և այլ երկրներից: Մասնավորապես, ներկա էին Վ. Կուզնեցովը` “Կուրչատովի ինստիտուտ” ազգային գիտահետազոտական կենտրոնից (ՌԴ), Ա. Միխալևիչը` գիտությունների ազգային ակադեմիայի Էներգետիկայի ինստիտուտից (Բելառուս), Բ. Ռոգերը` ԱՄՆ-ի Արգոն ազգային լաբորատորիայից (ԱՄՆ) և Ժ. Ֆարիդանին` Խորհրդատվական ընկերությունից (Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)։ Գիտաժողովի առաջին օրը ներկայացվեցին ելույթներ` նվիրված էներգետիկայի կայուն զարգացմանը և ատոմային էներգետիկայի դերին կայուն զարգացման հայեցակարգում: Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին նաև հաջորդ օրը, որի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրոսները և ասպիրանտները: