Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կազմակերպում է «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը (“Transforming Intelligence” Global Innovation Forum), որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 16-ից 18-ը Երևանում: Ֆորումը կարևոր հարթակ է վերհանելու գիտության և հասարակության վրա արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության հիմնահարցերը հետազոտական, տեխնոլոգիական և արդյունաբերական տեսանկյուններից։ Ֆորումն ունի երկու թեմատիկ ուղղություն՝ «Հասարակություն և ԱԲ» («Գերճշգրիտ կանխատեսումներ», «ԱԲ տեխնոլոգիաներ») ու «Գիտություն և ԱԲ» («Մեքենայական ուսուցում և ֆիզիկական գիտություններ» և «Մեքենայական ուսուցում և կենսագիտություն»)։ Այն կհամախմբի ճանաչված գիտնականների և առաջատար մասնագետների, որոնք մասնակցելով ակադեմիական քննարկումների և թեմատիկ բանավեճերի՝ կկիսվեն իրենց գիտելիքներով և հարուստ փորձով: Ֆորումը կամուրջ կստեղծի գիտության և արդյունաբերության բնագավառների ներկայացուցիչների միջև՝ նպաստելով գիտական ու տեխնոլոգիական ոլորտների վերափոխմանը: 2018թ. հոկտեմբերի 29-31-ը տեղի ունեցած «Նախագծելով էվոլ յուցիան» խորագիրը կրող գլոբալ ինովացիոն ֆորումը համախմբել էր արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվ յալագիտության ավելի քան 600 առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 21 երկրի գիտական ու տեխնոլոգիական կենտրոններից և 300 կազմակերպություններից: Գլոբալ ինովացիոն ֆորումը տեղի կունենա «Ավրորա» ֆորումի շրջանակներում: «Ավրորա» ֆորումը նոր հարթակ է աշխարհի քաղաքացիների համար, որոնք, յուրացնելով աշխարհի մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, ձգտում են դիմագրավել աշխարհի հրատապ մարտահրավերները՝ խթանելու սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները։ «Ավրորա» ֆորումը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում:

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը