Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

       Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում՝

  • բնական գիտություններ
  • տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
  • ֆիզիկա
  • բժշկագիտություն
  • արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր) - 2 մրցանակ
  • գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
  • հումանիտար գիտություններ

      Մրցանակին կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա (2017-2019թթ.) ընթացքում: Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

-Մրցույթին «Բնական գիտություններ», «Տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Ֆիզիկա» բնագավառներում, կարող են մասնակցել նախորդ տարիներին ներկայացված, բայց հաղթող չճանաչված աշխատանքները՝ պայմանով որ դրանք իրականացված լինեն 2017-2019թթ. ընթացքում:

-Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, կատալոգներ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ և մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:

- Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:

- Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:

- ՀՀ Նախագահի մրցանակ ստացած անձը այլևս չի կարող մրցանակ ստանալու համար աշխատանք ներկայացնել` ինչպես անհատական եղանակով, այնպես էլ համահեղինակների խմբի միջոցով՝ լինելով այդ խմբի հեղինակներից մեկը:

    ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Հայտերն ընդունվում են 2019 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով

      Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից https://www.himnadram.org/en կամ գործադիր վարչության գրասենյակից: Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին: Հեռ. 52-09-40; էլ.փոստ` a.khachikyan@himnadram.org Հայաստանի Հանրապետություն, 0024, Երևան, Բաղրամյան 26/1, ՀՀ նախագահի նստավայր:

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը