ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԵՎ «ՅՈՒՔՈՄ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Բոլոր նկարները

Ս․թ․ փետրվարի 16-ին՝ համագործակցության պայմանագրի ստորագրման առիթով «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն, Պոլիտեխնիկի շրջանավարտ Հայկ Եսայանը պաշտոնական այցով եղավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

ՀԱՊՀ ռեկտորատի նիստերի դահլիճում պայմանագրի ստորագրմանը ներկա էին համալսարանի պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, ՀԱՊՀ ինստիտուտների ղեկավարներ, «Յուքոմ» ընկերության աշխատակիցներ։

ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը ողջունեց ներկաներին․ «Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կարևոր իրադարձություն է։ «Յուքոմ» ընկերության հետ ստորագրելու ենք համագործակցության պայմանագիր, որը սկիզբ է դնում շարունակական մի գործընթացի՝ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում ուսումնառության մի նոր մակարդակ ստեղծելու նպատակով։ «Յուքոմ» ընկերությունը և «Յուքոմ» հիմնադրամը մեզ նվիրաբերել են մի հզոր գործիքամիջոց։ Այն ոչ միայն ՔՀ և Ի ֆակուլտետի, այլև Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի ուսանողության համար արդիական գործիքամիջոցների գործարկման և յուրացման հնարավորություն է ստեղծում՝ երրորդ կուրսից սկսելու փնտրտուք, որը կարող է աշխատատեղ ապահովել ուսանողի համար։ ՀԱՊՀ ռեկտորատի և Գիտական խորհրդի կողմից երաշխավորված եմ շնորհակալություն հայտնել, որ Ալմա մատերի նկատմամբ արված նվիրաբերությունը կծառայի իր նպատակին՝ մեր համալսարանում ուսման որակի բարձրացմանը և գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը», – նշեց Ո․ Մարուխյանը։

Հայկ Եսայանը, շնորհակալություն հայտնելով հնչեցրած ջերմ խոսքերի համար, ասաց․ «Յուքոմի» կայացման գործում մեծ է նաև մեր բուհի դերը։ Մեր ընկերությւոնում այսօր շատ պոլիտեխնիկցիներ են աշխատում, և կարծում եմ՝ մեր նվիրաբերումը կտա ծիլեր այս պատերից դուրս ևս շատ ծրագրեր իրագործելու։ Պոլիտեխնիկի շրջանավարտները մեզ մոտ արտոնյալ պայմաններ կունենան»։

Այնուհետև ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը և «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որից հետո շտապեցին 5-րդ մասնաշենք հանդիսավոր կերպով կտրելու «Քոմփյութերային և ցանցային  տեխնոլոգիաներ․Ucom լաբորատորիայի» մուտքի կանաչ ժապավենը։

Լաբորատորիայի բացման առթիվ շնորհակալանքի և շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց ռեկտոր Ո․ Մարուխյանը։

Երախտագիտությամբ լի էր Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Ս․ Մանուկյանի խոսքը։

«Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնի վարիչ Գ․ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց նույն ամբիոնի շրջանավարտ Հ․ Եսայանին և նշեց լաբորատորիայի կայացման գործում կարևոր դեր ունեցած անձնավորություններին՝ ՔՀ և Ց ամբիոնի դոցենտ Ռուբեն Պետրոսյան, «Յուքոմ»-ի աշխատակիցներ Ռուբեն Մուրադյան, Աշոտ Բարսեղյան։

«Յուքոմ» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրինությունը շուտով կմեկնարկի ծրագիր, որի նպատակն է աջակցել նորավարտ ուսանողներին առաջին աշխատանքային քայլերը սկսելուն՝ «Դարձի՛ր Ucom-ի ձայնը, դեմքը, ձեռքը» կարգախոսով: