ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտները 2017 թվականը սկսել են հաղթանակներով.

Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Yandex ծրագրավորման դպրոցի բացման պաշտոնական արարողությունը: Ռուսաստանից հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ բացվել է Yandex ծրագրավորման դպրոցը: Այստեղ աշակերտները կսովորեն ամենահայտնի ծրագրավորման լեզուներից մեկը՝ Python-ը և կփորձեն իրենց ուժերը ոչ շատ մեծ նախագծերում: Ուսուցումը Yandex ծրագրավորման դպրոցում անվճար է: Ընդունելության արդյունքում Լոռու մարզի 218 դիմորդներից վերջնական փուլ անցել են 28-ը, որից 8-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներն են: Նրանք նաև ռոբոտաշինության խմբակ են հաճախում:

Տարեսկզբին ռոբոտաշինության խմբակը, որի ղեկավարն է ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը, հրավեր ստանալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից՝ մասնակցեց այնտեղ կազմակերպվող բնագիտատեխնիկական ստուգատեսին: Այստեղ աշակերտները ներկայացրին իրենց նախագծած և ծրագրավորած «Ական փնտրող» ռոբոտը, ինչպես նաև ուսուցողական խաղեր և նորարարական նախագծեր: Վերջերս հրապարակվեցին ստուգատեսի արդյունքները, որտեղ դպրոցի կողմից ներկայացված աշխատանքներն արժանացել են մրցանակների:

Հաջորդ մրցույթը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացված ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթն էր, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ փետրվարի 11-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Յուրաքանչյուր խմբակ կարող էր ներկայացնել ընդամենը 2 հայտ:

360 հայտից ԴիջիԿոդի եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականներ մրցել են մինչև 13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում: Աշակերտներն աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում և եզրափակիչ փուլում ներկայացրել իրենց աշխատանքները:

Մրցույթի նպատակն էր խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

Մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 40 աշխատանքների մեջ  «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտ Վահե Ասլոյանը իր After World խաղով:

Տեսնելով իրենց համադասարանցիների հաղթանակները՝ ավագ դպրոցի շատ աշակերտներ ավելի են ոգևորվել և լրջորեն պատրաստվում են առաջիկա մրցույթներին:

Շնորհավորում ենք մեր խելացի աշակերտներին և մաղթում նորանոր հաղթանակներ: