ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԵՐՊԻ-ՀԱՊՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻՆ Բոլոր նկարները

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Էներգետիկայի կայուն զարգացում և միջուկային էներգետիկա» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն իրականացվում է ՀԱՊՀ էներգետիկայի ֆակուլտետի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, Միջուկային էներգետիկների համահայկական ասոցիացիան, «Հայկական ԱԷԿ», «Հայատոմ»  և «Էներգետիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ները։

Միջազգային գիտաժողովի նպատակն է մասնագիտական հանրությանն իրազեկել ժամանակակից էներգետիկայի մարտահրավերներին, ինչպես նաև նպաստել տարբեր երկրների գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը, մասնագիտական կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը:

Գիտաժողովին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ներկա էին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության  և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Համբարձում Հովսեփյանը, ինչպես նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փոխնախարար Հայկ Հարությունյանը, «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը և էներգետիկայի ոլորտի այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հրավիրված հյուրերն էին Վ. Կուզնեցովը` Կուրչատովի անվան գիտահետազոտական կենտրոնից, Ա. Միխալևիչը` Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Էներգետիկայի ինստիտուտից, Բ. Ռոգերը` ԱՄՆ-ի Արգոն ազգային լաբորատորիայից և Ժ. Ֆարիդանին` Prospect Advisory, Մեծ Բրիտանիայի Թագավորությունից։

Հյուրերին և գործընկերներին ողջունեց Պոլիտեխնիկի ռեկտոր Ո. Մարուխյանը, հակիրճ ներկայացնելով ֆակուլտետների ստեղծման պատմությունը։ «Երկու տարի առաջ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետների միավորմամբ ստեղծվեց և հաջողությամբ գործում է Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, որի առաջին արդյունքները վկայում են այն մասին, որ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը անում է ամեն ինչ բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում` պահպանելով պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները» – նշեց Ո. Մարուխյանը։ Ռեկտորը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ և բովանդակալից աշխատանքային օր:

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Միջազգային ճարտարագիտական ակադեմիաների Նախագահների խորհրդի որոշմամբ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանին հանձնեց պատվավոր դիպլոմ` ինժեներական կրթության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար։

Այնուհետև «ՀԱՊՀ թանգարան-մշակույթի կենտրոն»-ի ղեկավար Արկադի Դուրինյանը ներկայացրեց Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետների պատմությունը` սլայդների տեսքով։

Գիտաժողովին ներկայացվեցին ելույթներ նվիրված էներգետիկայի կայուն զարգացմանը և ատոմային էներգիայի հետագա դերին:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 18-ին: Մասնագետները հանդես կգան Էներգետիկայի կայուն զարգացման և միջուկային էներգետիկայի հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումներով: