ԹՈՆԻ ՖԱԴԵԼԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀԱՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ Բոլոր նկարները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսօր հյուրընկալել էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակակիր, «Նեսթ Լաբ»   ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին։

ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահում պատվարժան հյուրերին ընդունեց համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ։ Արարողությանը ներկա էին «Սինոփսիս Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն, «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ»-ի Գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, պռոռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորդասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Թոնի  Ֆադելի համաշխարհային ակնառու ներդրման, և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ՝ ռեկտոր Ո.Մարուխյանը Թոնի Ֆադելին հանձնեց ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչման հավաստագիրը և դիպլոմը։

Բարի գալուստի անկեղծ բարեմաղթանքներ և ողջույներ հղելով հյուրերին՝ ռեկտոր Ո․ Մարուխյանն հույս հայտնեց, որ Ֆադելի այցով ավելի կբարձրանա Պոլիտեխնիկական համալսարանի վարկանիշը: Ողջունելով նրա մուտքը համալսարան՝ ռեկտորը նշեց. «Այսօր ՀԱՊՀ-ում տեղի է ունենում արդեն ավանդական դարձած մի միջոցառում, այն է՝ մենք շնորհում ենք համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ՀՀ Նախագահի Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում  մրցանակակրին՝ միջազգային մեծ համբավ ունեցող, ՏՏ ոլորտում արժանի ներդրում ունեցող ու գյուտարար Թոնի Ֆադելին»:

Իր խոսքում Թոնի Ֆադելը անդրադարձավ Հայաստանին, այստեղի տեխնոլոգիական ու մարդկային ներուժին:

«Զարմացած եմ Հայաստանի ներուժով հատկապես կանաչ տեխնոլոգիաների, տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական լուծումներից: Հրաշալի ապագա եմ տեսնում Հայաստանում»,- իր ելույթում նշեց Ֆադելը:

Թոնի Ֆադելի բացառիկ հարցազրույցը կարդացեք «Պոլիտեխնիկ» թերթի Նոյեմբերի համարում:

Հ.Գ Թոնի Ֆադելը  թվով 16-րդն է, ով  համալսարանի 85 տարվա պատմության ընթացքում ստացել է պատվավոր դոկտորի կոչում: Ընդ որում, 16 կոչում ստացածներից  8-ը եղել են ՀՀ Նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  մրցանակակիրներ: