Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ գիտատեղեկատվական հանդիպում Կապանի մասնաճյուղի դասախոսական և ուսանողական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում ուսանողները  շրջեցին Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնում, Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում։

Նախ ուսանողներն այցելեցին Փորձագիտական կենտրոնի Գիտաարտադրական լաբորատորիա։  ՀԱՊՀ Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը ներկայացրեց նորաստեղծ Տեխնոլոգիական ինովացիոն հարթակն ու առաջարկեց ծանոթանալ Գիտաարտադրական լաբորատորիայի սարքավորումներին։ Կենտրոնի մասնագետ Հայկ Վասիլյանը ներկայացրեց լաբորատորիայի հնարավորությունները, 3D տպիչներն ու սկանավորող սարքերը, լազերային կտրող սարքը, ֆրեզերային հաստոցը։ Նա ցուցադրեց նաև որոշ նմուշներ։ Ուսանողները հաճույքով ծանոթացան մոդելներին, սարքերի աշխատանքի առանձնահատկություններին, փորձարկեցին որոշ մոդելներ ու ստացան նոր նմուշներ։ 

Այնուհետև Փորձագիտական կենտրոնի Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների լաբորատորիայում ծանոթացան թեստավորման Fluke Network սարքավորումներին։ Դրանից հետո դոցենտ Դավիթ Ղազարյանը, ով նախորդ կիսամյակում առցանց դասավանդել էր այցելած ուսանողներին, անցկացրեց սեմինար "Մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն" թեմայով։

Հաջորդ կանգառը Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիան էր։  Ուսանողներին դիմավորեցին լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Օլեգ Գասպարյանը, լաբորատորիայի աշխատակիցները։  Լաբորատորիայում շրջելուց հետո ուսանողները լսեցին լաբորատորիայում տեղադրված Vicon սարքավորումների հնարավորությունների մասին դասախոսություն, որը վարեց ասպիրանտ Հայկանուշ Դարբինյանը։ 

Այնուհետև Կապանից եկած հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ։ Նրանց լաբորատորիաներին ծանոթացրեց դոցենտ Ազատուհի Ուլիկյանը։ 

Հանդիպման վերջում ուսանողներն ու դասախոսները նման այցերը պարբերաբար կազմակերպելու ցանկություն հայտնեցին։